Էջ:Վերք Հայաստանի 247.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գնա՛նք մեկ Զանգվի ղրաղն էլ, մեկ մեր սուրբ Զանգին էլ տեսնի՛նք, մեկ նրա ձորն էլ օրով տեսնի՛նք, չունքի գիշեր էր, որ վրովն անց կացանք, գիշերվան տեսածն ու ցերեկվանը մեկ չի՛ ըլիլ. մեկ էլ մեր սուրբ Հայրենյաց հողը մտնինք, հետո ձեռ-ձեռի տա՛նք, սիրտ-սրտի, իրար գրկե՛նք, դոշ-դոշի տա՛նք, ու որ արտասունքը մեր աչքը կալնի, ցավն ու կսկիծը մեր բերանը փակի, սար ու ձոր մեր ձենը խլեն, ու թե մեկսումեկս երկնքումն ըլի, մյուսը՝ գետնքումը, ո՛ր լուսնի տակին որ կանգնի, ո՛ր աստղին որ նայի, ո՛ր ծովի ղրաղին նստի, ո՛ր սարի գլխով անց կենա, աչքը երկինքը քցի, ձենը՝ փորը, ու առաջին ա՜խը, առաջին կաթը, որ թափի կամ բերնիցը դուս գա, է՛ն ըլի, որ ասի.

— Բա՛րեկամ, բա՛րեկամ, դու գնացիր, ես մնացի. ասած խոսքդ գետինը չի՛ քցեցի, Հայրենյաց սերը միշտ սրտումս ունիմ, Հայրենյաց ուղուրին կյանքս ետ եմ դրել: Չի՛ դարդ անես, չի՛ ցավիս, ինձ հիշես, կարողություն խնդրես:


<3>


Զանգի՛, Զանգի՛, գեղեցի՛կդ իմ Զանգի՛: Քո երկնանման երեսը տեսնելիս, քո տխուր ձենը լսելիս, քո սուրբ ջուրը բերան առնելիս, քո ծաղկազարդ ձորերի միջումն, քո զորավար ափների ղրաղին, քո սիպտակ, լուսաթաթախ փրփրի տակին, քո պարկեշտ Մամբռու ափին, քո խնկահոտ ծառերի տակին, քո անմահական ծաղկների միջին, քո էդ տրտում, դառնավարան լացի, բոթի, սգի ձենն առնելիս, քո սիրուն աչքերի աղի արտասունքը տեսնելիս բաս ի՞նչ կըլեր, որ քո բախտավոր, վաղուց հեռացած, մեր գլխիցը պակսած մեծազն, քաջազոր, աշխարհասասան, անհաղթելի, անպարտելի իշխանաց, աշխարհակառույց թագավորաց, մեծազոր, քաջաբազուկ հսկայից, տարաբախտ, վատաբախտ, թշվառացյալ, գերեվարյալ, տատանյալ, տարտամյալ, զուրկ, թափուր, սրախողխող, քարակոշկոճ, հայրենամերկ, կենսակորույս, տնանկ, սգավոր, աղքատ, չքավոր որդիքը ու թոռունքը մեկ միտք անեին, գլխըներին վա՜յ տային, իրանց սև օրը լաց ըլեին, թե ո՞վ քեզ առաջ՝ ուրախ ձայնիվ, բարձրադիր ճակատով, երկնանման պատկերով, արծվահայաց աչոք, հսկայական դիմոք, քաղցրամոք ժպտիվ ողջույն տվեց, քո համն առավ, <քո լեզուդ ծծեց, քո ջուրը խմեց,> քո ծաղկըներիցը խնդալով, ցնծալով հոտ քաշեց, որ քաղցրահամ պտղըները ախորժանոք ճաշակեց, քո հով, զովարար ղրաղին էկավ, բազմեց, քո սուրբ, անարատ գիրկը համբուրեց, քո անուշահոտ վարդը, քո պարկեշտ մանիշակը ողջագուրելով, խանդաղատելով